Այսօր մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնը: Բացման հանդիսավոր արարողությանը («Մոսկվա» կինոթատրոնում) նախորդեց Սերգեյ Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և «Խոստովանություն» (անավարտ) ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևի «Կար-չկար մի Փարաջանով» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև ուկրաինացի հայտնի կինոօպերատոր ՅՈՒՐԻ ՀԱՐՄԱՇԻ եզակի լուսանկարների ցուցահանդեսը: «Կար-չկար մի Փարաջանովը» կազմել և հրատարակության է պատրաստել Webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը: Գրքի թարգմանիչը Հովհաննես Այվազյանն է, խմբագիրը՝ Հովիկ Չարխչյանը: Գրքում զետեղված են նաև Յուրի Հարմաշի եզակի լուսանկարները: Նա երկար տարիներ աշխատել է Դովժենկոյի անվան կինոստուդիայում: Տարիներ շարունակ նկարել է Փարաջանովին: Լույսընծայված գրքի համար նա տրամադրել է 15 լուսանկար, որոնք, ըստ էության, առաջին անգամ են հրատարակվում: «Իրատես de facto»-ն մի քանի հարց ուղղեց ուկրաինացի կինոօպերատորին:
-Պարոն Հարմաշ, դժվա՞ր էր Փարաջանովին լուսանկարելը:
-Փարաջանովին լուսանկարելը դժվար չէր, դժվար էր որսալ պահն այնպես, որ նա չստեղծեր իր թատրոնը: Այսինքն, նրա վավերագրական դիմանկարը ստանալը շատ դժվար էր (որոշ լուսանկարներում ինձ դա հաջողվել է): Բավական էր, որ Փարաջանովը տեսներ տեսախցիկը, միանգամից ստեղծում էր իր աշխարհը: Նա ռեժիսոր էր ոչ միայն կինոյում, այլև կյանքում:
-Նա տեսե՞լ է այս լուսանկարները, հավանե՞լ է:
-Ոչ բոլոր լուսանկարներն է տեսել: Փարաջանովյան լուսանկարներիս շարքը երեք փուլի է բաժանվում: Առաջինը նրա բանտից դուրս գալու շրջանն էր, երկրորդը` իմ Թբիլիսի մեկնելու շրջանը, իսկ երրորդը, երբ մահացել էր «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի գլխավոր դերակատար Իվան Միկոլայչուկը, և Փարաջանովը 40 օրով եկավ ՈՒկրաինա: Այդ ժամանակ ես լուսանկարեցի նրան: Այն ինձ շատ է դուր գալիս: Նա չտեսավ լուսանկարելու պահը և չկարողացավ «ռեժիսորություն անել», որովհետև Իվան Միկոլայչուկը շատ կարևոր մարդ էր նրա համար:
-Ո՞վ է Փարաջանովը` Ձեզ համար:
-Առաջին հերթին մեծ մարդ, երկրորդ` մեծ արվեստագետ, ուսուցիչ: Ես կարծում եմ, որ նա մեծ դեր է խաղացել ոչ միայն ուկրաինական կինեմատոգրաֆիայի մեջ` գլոբալ իմաստով, այլև ուկրաինացի շատ կինոգործիչների կյանքում, այդ թվում` իմ կյանքում` որպես մարդ և որպես արվեստագետ:
-Երևանում առաջին անգա՞մ եք լինում:
-Այո, առաջին անգամ եմ Երևանում, շատ շոգ է, դեռ եղանակին չեմ հարմարվել, բայց ինձ շատ է դուր գալիս քաղաքի կոլորիտը, վարդագույն տուֆը: Ես դեռ քաղաքի ծայրամասերում չեմ եղել: Միայն կենտրոնն եմ տեսել և կարող եմ ասել, որ Երևանը եվրոպական քաղաք է` լավ իմաստով: Մարդիկ շատ բարեհամբույր են: Հիացած եմ նաև հայկական խոհանոցով:
-Եվ ի՞նչ եք հասցրել ճաշակել, ո՞ր ուտեստն եք հավանել:
-Անկեղծ ասած՝ ճաշատեսակների անունները չեմ մտապահել, հիշում եմ տոլման, որովհետև ծանոթ էի այդ ուտեստին: Սոխով համեմված ձեր տոլման շատ համեղ է:
Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Լուսանկարը` Հակոբ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ